“Ես հրաշքով կարողացա Ադրբեջանից տեղափոխել խնայողություներս, բայց չեմ կարողանում դրանք ստանալ Հայաստանում”:
Ադրբեջանից փախստականները կոչ են անում Հայաստանի կառավարությանն իրենց ընդգրկել ԽՍՀՄ Խնայդրամարկղի ավանդների դիմաց փոխհատուցումն արտահերթ ստացող անձանց ցանկում: 10 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունն իրականացնում է ԽՍՀՄ Խնայդրամարկղի ավանդների դիմաց բնակչությանը փոխհատուցումներ վճարելու գործընթաց: 2018թ-ի Պետբյուջեի քննարկման ընթացքում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրել միայն այն քաղաքացիներին, ովքեր ողջ են և ծնվել են մինչ 1932թ-ի դեկտեմբերի 31-ն ու ավելի վաղ: Փոխհատուցումն արտահերթ կարող են ստանալ նաև ռազմական գործողությունների մասնակիցներն, ինչպես նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներն, ում այգիներն ու դաշտերը մնացել են ռմբակոծության գոտում: Ադրբեջանից փախստականներն ու բռնի տեղահանվածները, ովքեր, ունեցվածքն ու բնակարանները թողնելով Ադրբեջանում, կարողացել են իրենց խնայողություններն Ադրբեջանից տեղափոխել Հայաստան, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից չեն դիտարկվում որպես ավանդների դիմաց փոխհատուցումներն արտահերթ ստանալու իրավասու հատուկ կատեգորիայի անձինք: Ռոզա Դանիելյանը 1990թ-ի հունվարին հայտնվել է հայկական ջարդերի կիզակետում, որտեղից փրկվելով լաստանավով տեղափոխվել է Կրասնովոդսկ, իսկ այնտեղից՝ Երևան: “Որդուս հետ մեզ բնակեցրեցին Երևանում՝ գիշերօթիկ դպրոցի շենքում: Այն ժամանակից ի վեր մենք այստեղ ենք ապրում և օգտվում ենք երեխաների համար նախատեսված պետական կահույքից: Բաքվում կորցրել եմ ամեն ինչ՝ տուն և ունեցվածք: Իմ խնայողությունները Բաքվի Խնայդրամարկղում էին, և ինձ զգուշացնում էին, որպեսզի այնտեղ չկանխիկացնեմ, քանզի ադրբեջանցիները կարող էին ինձ հետևել, թալանել և սպանել: Ուստի, պատրաստ էի դրանք թողնել Բաքվում”,- ասում է Դանիելյանը և ավելացնում, որ երբ դիմել է Խնայդրամարկղի երևանյան բաժանմունք, աշխատակիցները թերահավատորեն են մոտեցել Բաքվից փոխանցում կատարելու հավանականությանը: “Բայց ես Ադրբեջանի կառավարությունում աշխատել եմ 30 տարի, ինձ այնտեղ ճանաչում և հարգում էին: Ես դիմում գրեցի Խնայդրամարկղի կառավարչի անունով, և երկու ժամից իմ խնայողությունները Բաքվից հեռագրով փոխանցեցին Երևան: Առ այսօր իմ խնայողությունները գտնվում են Խնայդրամարկղում, և ես չեմ կարողանում օգտագործել սեփական գումարս` ինձ անհրաժեշտ կենցաղային պարագաներ ձեռք բերելու համար: 30 տարի քնում եմ պետական մահճակալի վրա”: |
Էմմա Շահումյանը Բավքից եկել է 1988թ-ին՝ Ադրբեջանում թողնելով ողջ ունեցվածքը: Միայնակ կինն ապրում է Նորքի զանգվածում գտնվող հանրակացարանում: “Մենք այդ գումարը մտադիր էինք ուղղել քրոջս բուժմանը: Քույրս մահացավ, իսկ ես դեռ հույս ունեմ, որ ողջ կմնամ և կկարողանամ ստանալ ավանդիս դիմաց փոխհատուցումը”: “Առաքելություն Հայաստան” ՀԿ սոցիալական հարցերով բաժնի ղեկավար Տատյանա Դաշյանն ընդգծեց, որ “փախստականները դժվարությամբ հասել են Հայաստան՝ ողջ ունեցվածքը թողնելով Ադրբեջանում”: “Ոմանց հաջողվել է իրենց ավանդներն Ադրբեջանի Խնայդրամարկղից տեղափոխել Հայաստան, սակայն այստեղ ինչ-ինչ պատճառներով նրանք չեմ կարողանում այդ գումարները ստանալ, քանզի իրենց դիտարկում են ընդանուր հիմունքներով, այլ ոչ թե որպես անտահերթ վճարում ստանալու իրավասու հատուկ կատեգորիա”,-նշում է սոցիալական աշխատողը: Բացի այդ, Հայաստանում նախատեսված չէ փախստականների և Ադրբեջանից բռնագաղթվածների համար բժշկական սպասարկում: Մասնավորապես, տարեց մարդիկ բախվում են առողջական մի շարք խնդիրների, նրանց երբեմն վիրահատական միջամտություն է անհրաժեշտ: Փախստականների իրավիճակը, նրանց ապրած տրավմաները հաշվի չեն առնվում: Նրանց շրջանում մահացության մակարդակը շատ բարձր է: Այնուամենայնիվ, այն հազվագյուտ դեպքերում, երբ մարդկանց հաջողվել է իրենց գումարներն Ադրբեջանից տեղափոխել, նրանք կարող էին դրանք օգտագործել իրենց խնդիրները լուծելու համար”,- ասում է Դաշյանը և հավելում, որ դա անարդար մոտեցում է Ադրբեջանից փախստականների և բռնագաղթվածների հանդեպ: “Ցավալի է, որ շատերը մահացան, այդպես էլ չստանալով իրենց գումարները, որոնք կարող էին օգտագործել իրենց առոջղական վիճակն ու կենսապայմանները բարելավելու նպատակով”: |